«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Վրաստանի արտաքին քաղաքականության որոշ նրբերանգների շուրջ

Վրաստանի արտաքին քաղաքականության որոշ նրբերանգների շուրջ
07.11.2008 | 00:00

ՎՐԱՑԱԿԱՆ ՕՐԱԳՐԻՑ
Վրաստանի ինտեգրացիոն քաղաքականությունը դեպի ՆԱՏՕ և Եվրամիություն երկրի ներսում ամրապնդվում է ազգայնական, նույնիսկ շովինիստական քարոզչությամբ՝ Վրաստանի «բացառիկ դերի» մասին համաշխարհային պատմության մեջ։ Թեպետ կա ոչ անհիմն կարծիք, որ Արևմուտքը, Ռուսաստանի հետ պայքար մղելով, միաժամանակ մշտապես խթանում է Վրաստանի ներսում ռասիզմն ու շովինիզմը, ինչպես նաև վրացիների չափազանցված պատկերացումներն իրենց ազգային «բացառիկության» մասին։

Այդ ամենը հանգեցրել է նրան, որ վրացիները, առհասարակ, չեն ընդունում որևէ փոխզիջման հնարավորություն տարածաշրջանի այլ ժողովուրդների հետ, իսկ երկրի ներսում գնալով թափ է հավաքում ազգային փոքրամասնություններին Վրաստանից դուրս մղելու քաղաքականությունը։ Կասկածները, որ Վրաստանն ունի էթնիկ փոքրամասնություններին ուծացնելու մտադրություն, այլևս օրակարգային չեն համարվում։ Վրացիները հասկացել են, որ իրական ուծացումը ոչ միայն հնարավոր չէ, այլև վտանգավոր է, քանի որ կարող է վերածվել դանդաղ գործողության ռումբի՝ դրված իրենց պետականության հիմքում։ ՈՒստի պետական քաղաքականությունը Վրաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ սահմանափակվում է խտրականության այն բազմաթիվ ձևերի կիրառմամբ (տնտեսական, սոցիալ-մշակութային, կրթական, լեզվական և կրոնական), որոնց արդյունքում պետք է լուծվի ազգային փոքրամասնություններին Վրաստանից դուրս մղելու խնդիրը։ Այն պայմաններում, երբ Վրաստանի արևմտյան գործընկերներն ու Ռուսաստանը բացարձակ անտարբերություն էին դրսևորում այդ քաղաքականության նկատմամբ, վրացական ղեկավարությունը ձեռք բերեց շովինիստական ոգով դաստիարակված մտավորականության բացարձակ աջակցությունն այդ հարցում։
Հիշյալ հասարակական-քաղաքական ուղեգիծը վրացական հասարակության մեջ ունի որոշակի պատճառներ և պայմանավորված է մի շարք գործոններով։ Վրացիները քանակապես կրճատվող էթնոս են, որը չունի անհրաժեշտ դեմոգրաֆիական ներուժ։ Այդ գործընթացը սկիզբ է առել մի քանի տասնամյակ առաջ, ինչն էլ հանգեցրեց Վրաստանում բնակվող այլազգիների ուծացման քաղաքականության, երբ այլ ազգությունների հարյուր հազարավոր ներկայացուցիչների հարկադրեցին իրենց վրացի համարել։ Բայց դա հնարավոր էր միայն խորհրդային իշխանության պայմաններում։ Ժամանակակից իրավիճակում, թվում է, ստեղծվեցին ավելի լավ նախադրյալներ վրաց ժողովրդի միավորման համար, սակայն իրականում առկա է հակառակ գործընթացը։ Երբ ստեղծվել է հնարավորություն սեփական ազգությունն ընդգծելու, վրաց ժողովրդին, փաստորեն, սպառնում է էթնոմշակութային, էթնոսոցիալական և էթնոքաղաքական փլուզում։ Ազգային առումով դեմոգրաֆիական անկումը, խոր սոցիալական ճգնաժամը պատմականորեն համընկան էթնոգենեզի շատ աննպաստ փուլի հետ, երբ վրացիների տարբեր խմբերը խիստ տարբերակվում են իրենց հասարակական և քաղաքական հավակնությունների մակարդակով։
Այս գործոնների սինթեզը, ինչպես ոչ մի այլ հանգամանք, որոշիչ հանդիսացավ այն ֆենոմենի ձևավորման համար, երբ տեղի է ունենում տոտալ անկում սոցիալ-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում, և էթնոսը վերածվում է հզորի խնամքի կարոտ ու այդ խնամարկյալությունը հաճույքով ընդունող հասարակության։ Վրացական հասարակությունն այսօր հաճույքով է ընդունում, մասնավորապես, արևմտյան խնամարկյալությունը՝ համարելով իր էթնիկ «բացառիկության» բնական հետևանք։ ՆԱՏՕ և Եվրամիություն ինտեգրացվելու ողջ քաղաքականությունը վրացական հասարակության համար ոչ այլ ինչ է, եթե ոչ հաջողության խորհրդանիշ անվտանգության, բայց հատկապես տնտեսական օժանդակություն ստանալու տեսանկյունից։ Ի տարբերություն դրա, Ռուսաստանի քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ մինչև վերջերս չէր դիտարկվում իբրև իրական վտանգ, և նույնիսկ համարվում էր, որ Վրաստանը հակամարտությունների գոտիներում ռուսական խաղաղապահների առկայության պայմաններում կարող է այնտեղ ռազմական գործողություններ վարել։ Ինչ արդյունքների հանգեցրեց դա, արդեն հայտնի է։
Միաժամանակ Ռուսաստանում «կովկասյան ազգության դեմքերի» նկատմամբ տարբեր ծայրահեղական խմբավորումների և բանդիտական խմբերի իրականացրած հարձակումները մեծ ազդեցություն են ունեցել ռուսների նկատմամբ վրացիների մեջ բացասական վերաբերմունք ձևավորելու առումով։ Չի բացառվում, որ այս հանգամանքը բնութագրական է Կովկասի և Կենտրոնական Ասիայի շատ ժողովուրդների համար, բայց ռուս-վրացական հակասություններն անհամեմատ ավելի խորքային բնույթ ունեն, և այդ իմաստով կարելի է ակնկալել փոխադարձ ատելության ավելի խոր միտումների առկայություն։ Մանավանդ որ Վրաստանում առկա է քաղաքական իրադարձությունների վերաբերյալ ընկալումների անհատականացման լուրջ միտում։ Դա դրսևորվում է նրանով, որ յուրաքանչյուր անհատ անվտանգության և տնտեսական բարեկեցության քաղաքականությունը սկսում է դիտարկել բացառապես իր անձնական շահերի տեսանկյունից։ Իսկ այդ հանգամանքը հնարավորություն է տալիս բավական հեշտ ներազդել հասարակական տրամադրությունների վրա արտաքին գործոնների, հատկապես արևմտյան ԶԼՄ-ների միջոցով։ Որքան էլ տարօրինակ թվա, վրացական հասարակությունը գտնվում է արտաքին քարոզչության էական ազդեցության տակ, և այդ քարոզչությունը վրացիների մեծամասնությունը գնահատում է իբրև ավելի ճշմարտացի ու հավաստի։ Ամենայն հավանականությամբ, դրանից ելնելով է, որ վրացական իշխանությունները դեռ մինչև օգոստոսյան իրադարձությունները կասեցրին ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Վրաստանում, միաժամանակ շարունակում են պայքարել հարևան երկրների պարբերական մամուլի տարածման դեմ։ Այս հանգամանքն առաջին հայացքից այդքան ընդգծված չէ և դրանով իսկ չի դարձել լայն քննարկման առարկա արտաքին աշխարհում, սակայն ակնհայտ է, որ Վրաստանի տեղեկատվական քաղաքականությունը որոշակի իմաստով տոտալիտարիզմի նախանշաններ ունի։
Կորսված տարածքների խնդիրը Վրաստանի հասարակական-քաղաքական կյանքում անցած տարիներին, իսկ օգոստոսյան իրադարձություններից հետո՝ առավել ևս, մնում է ամենացավոտ հարցը։ Բայց, այնուհանդերձ, այն չի դարձել հասարակության համար բացարձակ առաջնահերթ խնդիր։ Այդ հետևությանը կարելի էր հանգել նաև օգոստոսյան իրադարձություններից առաջ վրացական քաղաքական գործիչների և փորձագետների հետ շփումների ընթացքում։ Այդ տրամադրությունները վրացական հասարակության մեջ գերակշռող են դարձել աստիճանաբար՝ սկսած 1990-ականների վերջից, երբ վրացիների համար հասկանալի դարձան շատ միջազգային իրողություններ։ Սակայն ռուս-վրացական հակամարտության վերջին փուլում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ հասարակության առանձին շերտերի գիտակցության մեջ։ Մինչև օգոստոսյան իրադարձություններն այդ փոփոխությունները ձևավորել էին հետևյալ ընկալումը. Արևմուտքի հետ ինտեգրացիան ինքնաբերաբար չի լուծելու հարավօսական և աբխազական խնդիրները։ Վրաստանի ինտեգրացիան ՆԱՏՕ նույնպես չի դառնա այդ հարցերի լուծման բանալի, քանի որ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն վրացիներին ընդունում և ընկալում են նաև առանց այդ հարցերի լուծման։ ԱՄՆ-ը և եվրոպական պետությունները Վրաստանի հետ կապված սահմանափակ շահեր ունեն, որոնք արտահայտված են բացառապես նավթի և ռազմական տրանզիտի ապահովման խնդիրներով։ Օգոստոսյան իրադարձություններից հետո վրացական հասարակությունը մի անգամ ևս առիթ ունեցավ համոզվելու դրանում։
Այս ամենի համատեքստում հասարակական տրամադրություններն իշխող վարչակազմի նկատմամբ զգալիորեն ավելի պրագմատիկ բնույթ են ստացել։ Վրացական հասարակությունը, արդեն տիրապետելով ինչպես Էդուարդ Շևարդնաձեի, այնպես էլ Միխեիլ Սաակաշվիլու կառավարման փորձին, հնարավորություն ունի համեմատելու այդ երկու ռեժիմները, որոնք, իրենց գործելաոճի էական տարբերություններով հանդերձ, շատ նման են միմյանց սոցիալական քաղաքականության առումով։ Հասարակությունը Վրաստանում չունի չափազանց լավատեսական սպասումներ և տրամադրված չէ գնահատելու ղեկավարության քաղաքականությունն իբրև արդյունավետ և սոցիալական ուղղվածություն ունեցող։ Բայց, այնուհանդերձ, որոշակի կարգուկանոնի հաստատումը տնտեսական և հասարակական կյանքում հույսեր է ներշնչում կենցաղի դանդաղ, աստիճանական բարելավման առումով։ Հարցումները ցույց են տալիս, որ նույնիսկ մինչև օգոստոսյան իրադարձություններն իշխանությունների նկատմամբ ընտրողների դրական վերաբերմունքը 38-40 տոկոսից ավելի չէր։ Սակայն դա չի նշանակում, որ ռեժիմից դժգոհ մնացած հատվածն անպայմանորեն կցանկանար Սաակաշվիլու և նրա թիմի հեռացումն իշխանությունից։ Առաջին հերթին այն պատճառով, որ հասարակությունը չի տեսնում իրական այլընտրանք և չի համարում անգամ, որ կառավարող թիմի ռոտացիան կհանգեցնի ավելի շոշափելի արդյունքների։ Երկրորդ՝ արևմտյան աջակցության խորապատկերի վրա, այնուհանդերձ, դեռ կան հույսեր, որ իրադրությունը սոցիալական ոլորտում և տնտեսության մեջ, առհասարակ, կբարելավվի։
Միաժամանակ հասարակության սոցիալական կառուցվածքը դրական հետևությունների չի հանգեցնում։ Միջին խավը, ինչպես նախկինում, մեծ չէ, առավել խոշոր գործարարներն իրենց հոգեկերտվածքով, շահերով ու նպատակներով հակված չեն խոշոր տնտեսական ծրագրեր իրագործելու արդյունաբերության բնագավառում։ Էներգետիկ ենթակառուցվածքներից դուրս գործնականում չկան ոլորտներ, որտեղ իրականացվեն իսկապես խոշոր ներդրումներ անգամ այն բանից հետո, երբ իրականացվել է տոտալ սեփականաշնորհում։ Թեպետ Մ. Սաակաշվիլին առայժմ օգտվում է ԱՄՆ-ի և եվրոպացիների աջակցությունից, փորձում ճկուն վերաբերվել Արևմուտքի պահանջներին՝ ներառյալ կադրային քաղաքականությունը։ Նա առանձնապես չի արձագանքում տարբեր պաշտոնյաների, այդ թվում նաև` ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու՝ իշխանությունից հեռացնելու հասարակության տարբեր խմբերի պահանջներին, դրանով իսկ ցույց տալով, որ պատրաստ է անտեսելու հասարակական կարծիքը, բայց խստորեն հետևում է ԱՄՆ-ի ու եվրոպացիների հետ հարաբերությունների խաղի կանոններին։ Վրաստանի հետագա ինտեգրացիան ՆԱՏՕ և Եվրամիություն, ամենայն հավանականությամբ, ավելի կամրապնդի իշխող թիմի և Մ. Սաակաշվիլու դիրքերն իբրև մի մարդու, որը կարողացավ Վրաստանը դարձնել վերոհիշյալ կառույցների լիիրավ անդամ, դրանով իսկ հաղթահարելով 1990-ականներին երկիրը մասնատելու շատ առարկայական միտումները։ Որքան էլ տարօրինակ լինի ռուսական ընկալման համար, նույնիսկ 2008 թ. օգոստոսի իրադարձություններից հետո Վրաստանի նախագահը հանրության մեծամասնության մեջ ընկալվում է իբրև ազգային հերոս։ Ճիշտ է, դա շատ կողմերով հասկանալի չէ նաև վրացիների համար, բայց իրողություն է։
Այսպիսով, վրացական հասարակությունն իր մեծամասնության մեջ հանգել է այն հետևության, որ կարիք չկա կտրուկ թռիչքների և սոցիալական վիճակի կտրուկ բարելավման ակնկալիքներ ունենալ։ Երկիրն ընթանալու է աստիճանական զարգացման ճանապարհով, մանավանդ՝ ռազմավարական ներդրումների բացակայության պայմաններում։ Սակայն բավարար կայունություն Վրաստանում ապահովված կլինի։ Կորսված տարածքների խնդիրն առաջնահերթ չէ հասարակության համար, քանզի դրանց հետբերումը նպատակ դարձնելն իր մեջ պարունակում է վրացական հասարակության համար անընդունելի ռիսկեր։ Վրաստանում հասկացել են, որ ուժային մեթոդները և Ռուսաստանի հետ չափից ավելի ուժեղ հակադրությունը կարող են հանգեցնել պատմական հեռանկարի կորստի, այն առումով, որ կորսված կլինի զարգացման համար այնքան նպաստավոր պատմական ժամանակահատվածը։ Ընդհանուր առմամբ, վրացական հասարակությունն այլևս չունի քաղաքական հավակնությունների բավարարման պահանջ, առաջնահերթ խնդիրներ են համարվում ներքին կայունության պահպանումը, արտաքին անվտանգության ապահովումը և երկրի սոցիալական զարգացումը։ Անգամ օգոստոսյան իրադարձությունները վրացիները չընկալեցին իբրև ազգային աղետ և ճիշտ արեցին։ Եթե այս ուղեգիծը շարունակվի, և վերոնշյալ խնդիրները վրաց հասարակության համար վերածվեն բացարձակ առաջնահերթությունների, կարող են լինել հաջող զարգացման ակնկալիքներ և բացասական զարգացումների հետևանքների արագ հաղթահարման սպասելիքներ։
Վրաստանը երկրի տարաբաժանվածության հաղթահարման հազարամյա փորձ ունի և տիրապետում է լուրջ սոցիալ-մշակութային ներուժի, որը մինչ օրս էլ հրապուրիչ է շատերի համար։ Պատահական չէ, որ, բոլոր խնդիրներով հանդերձ, Վրաստանում շատ ակտիվ են արտաքին աշխարհից տարբեր այցելությունները և նույն Վրաստանի շփումն արտաքին աշխարհի հետ։ Այդ իսկ պատճառով, այս երկրի ապագան հասկանալու համար, չի կարելի սահմանափակվել ձևական վերլուծությամբ՝ հենվելով միայն թվերի ու փաստերի վրա, քանզի այդ հանգամանքներն այս երկրում բավական հարաբերական են։ Վրաստանի ղեկավարությունը քիչ ժամանակ չի հատկացնում արտաքին քաղաքականության մեջ տարբեր մոտեցումների շուրջ քննարկումներին՝ այդ ընթացքում կուտակելով միանգամայն արժեքավոր տեղեկատվություն ու փորձ, որը ներկայիս արտգործնախարարը փորձում է ընդհանրացնել ու համակարգել։ Ժամանակին դեռ նախկին արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին, Մ. Սաակաշվիլու հանձնարարությամբ, կազմակերպեց իր գերատեսչությունում տեղեկատվական բանկի ստեղծումը, որն իր մեջ ներառում էր ոչ միայն փաստաթղթեր և պաշտոնական գրագրություն արտաքին քաղաքականության ոլորտից, այլև գաղափարներ ու առաջարկություններ։ Վրաստանի արտգործնախարարությունում կանոնավորապես իրականացվում են միջոցառումներ, որոնք շատ են հիշեցնում «ուղեղային գրոհներ»։ Վրացական ԱԳՆ-ի առանձին ստորաբաժանումներ խորհրդատվություններ են անցկացնում փորձագետների և մասնագետների հետ արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով, ընդ որում, հաճախ դրանց մասնակցում են տարբեր պետությունների ներկայացուցիչներ։ Այսինքն, իրականացվում է համակարգված աշխատանք, որն իր հերթին հանգեցնում է խորհրդատվությունների ու երաշխավորությունների մշակման ոչ միայն ընթացիկ քաղաքականության, այլև սկզբունքային բնույթի հարցերի վերաբերյալ, որոնք առնչվում են արտաքին քաղաքականության ռազմավարության ձևավորմանը երկարատև հեռանկարի կտրվածքով։
Մ. Սաակաշվիլին իր արտաքին գերատեսչության առջև դրել է հետևյալ սկզբունքային խնդիրները. հայտնաբերել գործոններ ու պայմաններ, որոնք կարող էին Վրաստանին հնարավորություն տալ` ձեռք բերելու միջազգային քաղաքականության ակտիվ ու անկախ սուբյեկտի կարգավիճակ։ Ճշտել հնարավոր գործընկերների շրջանակը ոչ միայն պետական, այլև շահագրգիռ քաղաքական խմբավորումների մակարդակում, այդ թվում՝ տրանսազգային խմբավորումների, որոնք կարող էին նպաստել Վրաստանի առաջընթացին և նրա վերածմանը առավել նշանակալի պետության ու միջազգային քաղաքականության մասնակցի։ Դա պետք է արվի այն շահերի հիման վրա, որոնք տեղավորվում են Վրաստանի նկատմամբ արևմտյան հանրության վարած բարենպաստ քաղաքականության շրջանակում։
ԱԳՆ-ին հանձնարարված է նաև պարտավորեցնող հարաբերություններ հաստատել նոր գործընկեր պետությունների հետ Հեռավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում, Բալկաններում։ Մասնավորապես այն պետությունների, որոնք կարող են Վրաստանին առաջարկել նոր աշխարհատնտեսական նախաձեռնություններ, շահագրգիռ լինել նրա գործընկեր լինելու հանգամանքով այդ դաշտում։ Դա հնարավորություն կտար ոչ միայն հակակշիռներ ստեղծել Ռուսաստանի քաղաքականությանն այդ տարածաշրջաններում, այլև այն դարձնել Վրաստանի նկատմամբ կիրառվող ռուսական ճնշումը թուլացնելու միջոց և ապահովել ոչ միանշանակ վերաբերմունք Վրաստանի նկատմամբ վարվող ռուսական քաղաքականության վերաբերյալ ԱՊՀ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում։
Վրացական նոր ռազմավարության հաջորդ կետն իսլամական այն պետությունների հետ հարաբերությունների ակտիվացումն է, որոնք շահագրգիռ են Վրաստանի հետ փոխհարաբերությունների զարգացմամբ, ինչը հնարավորություն կտա ներգրավել նրանց ռեսուրսներն այն նախագծերի իրականացման ուղղությամբ, որոնք նրանց համար հետաքրքիր են ինչպես Հարավային, այնպես էլ Հյուսիսային Կովկասում։ Ընդ որում, Վրաստանը պատրաստ է այս նպատակով օգտագործել իր ավանդական հարաբերությունները տարածաշրջանի ժողովուրդների և պետությունների հետ։
Եվ, վերջապես, չորրորդ կարևոր դրույթը, որ ներառված է ԱԳՆ-ին նախագահի տված հանձնարարականների շարքում, վրացական էլիտայի մասնակցության ապահովումն է համաշխարհային քաղաքական, տնտեսական և մշակութային իրադարձություններում՝ տարբեր էլիտար ակումբներում և նախագծերում ընդգրկվելու ճանապարհով։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2742

Մեկնաբանություններ